Շիկացման և լուսադիոդային լամպերի համեմատությունը

Շիկացման և լուսադիոդային լամպերի համեմատությունը

Շիկացման լամպերը արտադրվում են 1879 թվականից: Արևմուտքում հայտնի են որպես «Էդիսոնի լամպեր», իսկ մեզ մոտ ավելի հայտնի են որպես «Իլիչի լամպեր»: Դրանց աշխատանքի սկզբունքը շատ պարզ է. ապակյա կոլբայի մեջ վակում է կամ իներտ գազ, դժվարահալ մետաղից (հիմնականում վոլֆրամ) պարույրի միջով էլեկտրական հոսանք անցնելիս այն շիկանում է և լույս արձակում:
Էներգաարդյունավետություն: Մինչև էներգախնայող լամպերի ի հայտ գալը շիկացման լամպերի լուսատվության չափանիշ էր համարվում դրանց հզորությունը (չափվում է Վատերով), այն լրիվ բավարարում էր, քանի որ տարբեր արդադրողների միևնույն հզորության լամպերը գրեթե նույն քանակի լուսավորություն էին ապահովում: Սակայն, երբ հայտնվեցին լուսադիոդային լամպերը, միայն հզորության ցուցանիշը արդեն բավարար չէր, քանի որ միևնույն հզորության լամպերի լուսատվությունները կարող են շատ տարբերվել: Ներկայումս ընդունված է կիրառել լույսի հոսքի (Լյումեն) և հզորության հարաբերությունը, չափվում է Լյումեն/Վատերով:
Շիկացման լամպերի ցուցանիշը մոտ 10 Լ/Վ է, իսկ լուսադիոդային լամպերն այս ցուցանիշով շատ տարբեր են. կան 60-ից մինչը 120 Լ/Վ: Լավ է համարվում, երբ այս ցուցանիշը 80 Լ/Վ-ից բարձր է, այսինքն սովորական լամպից 8 անգամ ավելի էֆեկտիվ և խնայող է:
Ջերմության անջատում: Շիկացման լամպերը բացի լույս արձակելուց նաև շատ են տաքանում , քանի որ պարույրից արձակվող լույսի զգալի մասը ինֆրակարմիր տիրույթում է, ինչպես նաև ջերմությունը հաղորդվում է պարույրին միացված ներքին հաղորդալարերի միջոցով:
Որոշ երկրներում, որտեղ արգելված է շիկացման լամպերի վաճառքը, դրանք վաճառվում են «ջեռուցող սարքավորումներ» մակնշմամբ:
Բացի լուսավորվող սենյակը տաքացնելուց (էներգիայի զուտ ծախս, անհարմարություն տարվա տաք եղանակներին), շիկացման լամպերը փչացնում են ջահերի կոթառները (патроны), որոշ դեպքերում (եթե պլաստմասե են) հալեցնում կամ էլ օքսիդացնում են մետաղական կոնտակտները:
Լուսադիոդային լամպերը զգալիորեն քիչ են տաքանում:
Անվտանգությունը: Շիկացման լամպի կոլբան ապակյա է: Այն գտնվում է մթնոլորտային ճնշման մշտական ազդեցության տակ (ներսում վակում է կամ իներտ գազ շատ փոքր ճնշման տակ): Ջերմաստիճանի արագ տատանումներից կամ մեխանիկական վնասվածքներից այս լամպերը կարող են պարզապես պայթել` մոտակա տարածքը աղտոտելով ապակու մանր բեկորներով:
Լուսադիոդային լամպերի իրանը պատրաստվում է մետաղից կամ պլաստմասայից, չկան ճնշման տարբերություններ, հետևաբար դրանք չեն պայթում:
Երկարակեցությունը: Շիկացման լամպերի աշխատանքային ռեսուրսը շատ սահմանափակ է: Այն տատանվում է 10-1000 ժամ, որոշ արտադրողներ փաթեթավորման վրա նշում են 800 ժամ: Լուսադիոդային լամպերը այս առումով ամենաերկարակյացներն են` 30000-ից 50000 ժամ, սակայն որոշ վատատեսներ ասում են, որ 50000 ժամը շատ երկար ժամանակահատված է և արտադրողները չէին կարող այդքան երկար փորձարկումներ կատարել: Ի հակադրում սրան՝ որակյալ լուսադիոդային լամպերի արտադրողները տալիս են մեկ տարվա երաշխիք, իսկ որոշները` նույնիսկ երեք տարվա:
Գինը: Գնի առումով շիկացման լամպերը շատ էժան են, սակայն եթե հաշվի առնենք, որ օգտագործողի գրպանից է վճարվում նաև դրանց ծախսած էլեկտրաէներգիայի գինը, ապա պարզ է դառնում, որ այդ էժանությունը շատ հարաբերական է:
Լուսադիոդային լամպերի նկատմամբ վստահությունը օրեցօր ավելանում է ու դրանց կիրառումն էլ կենցաղում ավելի մասսայական դառնում: Պետք է նշել, որ այդ ընթացքը բավական նորմալ տեմպերով է ընթանում ու սարսափելի թանկ ԼԷԴ լամպերի ժամանակաշրջանն արդեն անցել է. դրանց գներն արդեն սարսափեցնող չեն: ԱՊՀ երկրների տարածքում լուսադիոդային լամպերի օգտագործումը մի քանի տարվա պատմություն ունի, բայց Արևմուտքում այն հասցրել է նվաճել շատերի վստահությունը իբրև երկարակյաց, էկոլոգիապես մաքուր լույսի աղբյուր: Գուցե ժամանա՞կն է անցնել ԼԷԴ լուսավորման: